Իրանի և Իրաքի բարձրաստիճան զինվորականները քննարկել են երկու հարևան երկրների միջև համատեղ զորավարժությունների անցկացման և պաշտպանական համագործակցության զարգացման ծրագրերը, հաղորդում է Tasnim-ը:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին կիրակի օրը Բաղդադ կատարած իր առաջին պաշտոնական այցի ընթացքում բանակցություններ է վարել Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդել Էմիր Ռաշիդ Յարալլահի հետ։

Կարևորելով ԴԱԻՇ (ԻԳԻԼ) ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմում Իրանի և Իրաքի միջև ռազմական համագործակցության պատմությունը՝ գեներալ Բաքերին հարգանքի տուրք մատուցեց իրանցի և իրաքցի հանգուցյալ հրամանատարներ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանիի  և Աբու Մահդի ալ-Մուհանդիսի հիշատակին։

Իրանցի գեներալը, հայտնելով Իրանի զինված ուժերի պատրաստակամությունը՝ կանխելու ցանկացած սպառնալիք Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ազգային ինքնիշխանությանը, ասել է, որ երկու հարևան երկրները կարող են փոխանակվել  ահաբեկչության դեմ պայքարում իրենց փորձով։

Նա նաև ասել է, որ ընդհանուր սահմանի երկայնքով համատեղ զորավարժությունները կերաշխավորեն կայուն սահմանային անվտանգությունը։

Իր հերթին, իրաքցի բարձրաստիճան հրամանատարը գովաբանել է Իրանին՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում արաբական պետության հետ անկեղծ համագործակցության համար։

Գեներալ Յարալլահը հայտնել է նաև Իրաքի պատրաստակամությունը՝ Իրանի հետ  համատեղ զորավարժություններ անցկացնելու, ռազմական, պաշտպանական և ուսումնական համագործակցությունը, փորձի փոխանակումն   ընդլայնելու հարցում։