Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 26-ին, ժամը 18.00-ին սահմաններում, «Լյուքս» հյուրանոցային համալիրի մոտից  բերման են ենթարկել օտարերկրյա մի քաղաքացու, որի պայուսակից խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է թմրանյութ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվել է մասնավորապես, պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, «հաշիշ» տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 6,6 գ ընդհանուր կշռով մուգ դարչնագույն զանգված, թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 0,8 գ ընդհանուր կշռով մուգ շագանակագույն զանգված, փայլաթիթեղով փաթեթավորված մոտ 0,6 գ ընդհանուր կշռով սպիտակ գույնի բյուրեղանման զանգված:

Օտարերկրացին հայտարարել է, որ 6,6 գ մուգ դարչնագույն զանգվածը «հաշիշ» է, 0,8 գ մուգ շագանակագույն զանգվածը`  «ափիոն», իսկ 0,6 գ սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածը` «կրիստալ» տեսակի թմրամիջոց, որոնք ինքը սեպտեմբերի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետով անցկացրել է ՀՀ` իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: