Հայկական ծագում ունեցող հայտնի երաժիշտ, ամերիկյան այլընտրանքային «System of a Down» ռոք խմբի  վոկալիստ, «Սերժ Թանկյան» մենահամերգային նախագծի հիմնադիր Սերժ Թանկյանն իր ուղերձում  բոլորին կոչ է արել մասնակցել 2011թ. հեռուստամարաթոնին: «Ջուր տուր, կյանք պարգեւիր» ուղերձի նպատակը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ջրով ապահովելու համար միջոցներ հավաքելն է:

Իր ուղերձում նա, մասնավորապես, նշել է.

 «Անցած տարի դուք օգնեցիք մաքուր խմելու ջրով ապահովել Արցախի ավելի քան 26 հազար բնակչի: Եվ շնորհիվ ձեր ավանդի` 33000 հեկտարից ավելի գյուղատնտեսական հողեր սկսեցին ոռոգվել:

Բայց մենք չպետք է  ձեռք բերածով սահմանափակվենք: Այս տարի  մենք պետք է միավորվենք եւ հասնենք նրան, որ Արցախի ամեն մի բնակիչ մաքուր խմելու ջուր ունենա:

Միասին մենք կարող ենք դա անել: Եվ միայն դուք կարող եք ինչ-որ բան փոխել»:

Հիշեցնենք, «Հայաստան» հիմնադրամի միջազգային 14-րդ հեռուստամարաթոնը կհեռարձակվի 2011թ. նոյեմբերի 24-ին` խաղաղօվկիանոսյան ժամանակով ժամը 8:00- 20:00-ն: Հոլիվուդից հեռարձակվող շոուն ԱՄՆ մի ափից կփոխանցվի մյուսներին, ինչպես նաեւ ամբողջ աշխարհին` արբանյակային կապով: Հավաքված օգնությունը կծախսվի Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում խմելու եւ ոռոգման ջրի ժամանակակից համակարգերի ներդրման համար: