Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը եւ ամուր ու երկարաժամկետ խաղաղությանը տարածաշրջանում։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է Հայաստանում Իրանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա վստահություն է հայտնել, որ նման միջոցառումները կարող են երկու երկրների համար նոր հնարավորություններ բացել։
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Իրանի վաղեմի կապերը կարեւոր նշանակություն ունեն հարաբերությունների ներկա զարգացման համար։
«Մեր ընդհանուր սահմանը Հայաստանի հետ ամենակարճն է տարածաշրջանի այլ երկրների համեմատ, բայց որակի տեսակետից այն լավագույններից մեկն է։ Այդ սահմանը միշտ եղել է բարեկամության եւ բարիդրացիության սահման։ Երկու երկրները երբեք չեն սպառնացել միմյանց եւ միշտ հնարավորություններ են ստեղծել փոխադարձ զարգացման համար։ Մեր փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը ավելացել է եւ հասնում է 1 մլրդ դոլարի։ Երկրները փոխշահավետ պայմանագրեր են կնքել էներգետիկայի եւ ենթակառուցվածքի զարգացման ոլորտում»,- նշել է Սոբհանին։
Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրվում է նաեւ հարաբերությունների զարգացման պոտենցիալը։
«Հաղորդակցությունների ապաշրջափակումը կնպաստի հարաբերությունների զարգացմանը ոչ միայն երկու երկրների, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ»,- նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Հնդկաստանից մինչեւ Սեւ ծով Հայաստանով տարանցման հնարավորությունները հուսալի ճանապարհ կբացեն դեպի Եվրոպա ապրանքների շարժի համար։
Այս իմաստով դեսպանն ընդգծել է Հնդկաստանի եւ Հայաստանի կարեւորությունը այդ նախագծին մասնակցության հարցում։
Սոբհանին նշել է, որ որքան ավելի շատ են երկրների տարանցման հնարավորությունները, այնքան ավելի բարձր է դրանց նշանակալիությունն աշխարհում։











