ԵՊՀ-ում, հոկտեմբերի 28-ին, տեղի կունենա «Տեսական եւ կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:
Եռօրյա գիտաժողովին մասնակցելու են ավելի քան 200 մասնագետներ` հրավիրված Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Իրանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի 43 քաղաքներից եւ 35 համալսարաններից:
Պլենար զեկուցումներով հանդես կգան Թբիլիսիի Դմիտրի Ուզնաձեի անվան հոգեբանության ինստիտուտի տնօրեն Ի. Իմիտաձեն, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դեկան Ա. Շաբոլտասը, նույն ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Վ. Ալախվերդովը, ինչպես նաեւ Բժշկական գիտությունների ռուսական ակադեմիայի պրոֆեսոր Ս. Ենիկոլոպովը: Հաջորդ օրերին գիտաժողովը սեկցիոն աշխատանքների տեսքով կշարունակվի ԵՊՀ հոգեբանության եւ փիլիսոփայության ֆակուլտետում: Սպասվում են ավելի քան 5 տասնյակ զեկուցումներ, ինչպես նաեւ մագիստրատուրայի ուսանողների եւ ասպիրանտների կողմից ներկայացվելու են 32 թեմատիկ ցուցապաստառներ:
Գիտաժողովի նպատակն է քննարկել կիրառական եւ տեսական հոգեբանության արդի հիմնախնդիրները, գտնել համընդհանուր եզրեր եւ մշակել համագործակցության հեռանկարներ:
Բացման խոսքով հանդես կգան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը:




























