Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը դատի է տվել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին:
Ըստ «ՌԻԱ Նովոստիի», վարկաբեկված նախկին քաղաքապետը Նարիշկինից 1 միլիոն ռուբլու (մոտ 33 հազ. դոլար) փոխհատուցում է պահանջել` բարոյական վնաս հասցնելու դիմաց: Հայցի պատճառը պատասխանողի վերջերս արած հայտարարությունն էր այն մասին, որ Լուժկովի օրոք Մոսկվայում կոռուպցիայի մակարդակը հսկայական չափերի էր հասել: Նրա խոսքով` հենց դա էր Լուժկովին պաշտոնից հեռացնելու երկու գլխավոր պատճառներից մեկը: Երկրորդ պատճառը, ինչպես պատմել է կրեմլյան աշխատակազմի ղեկավարը, «քաղաքի ծայրահեղ անարդյունավետ կառավարումն էր», հայտնում է Lenta.ru-ն:
Նարիշկինի հայտարարությանը առաջինն արձագանքել էր նախկին քաղաքապետի կինը` Ելենա Բատուրինան: Հեռուստաալիքներից մեկի եթերում նա հայտարարել էր, որ պաշտոնյային դատի կտա, նաեւ պահանջել էր ներողություն խնդրել: Հայտնի չէ, թե այժմ, ամուսնուց առանձին, նա դատի կտա, թե ոչ:




























