Ռազմաարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման ընթացքը բնականոն հունով առաջ է գնում: Այս մասին նշվել է այսօր` հոկտեմբերի 27-ին, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի հանդիպման ժամանակ:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանն իր գոհունակությունն է հայտնել ռազմաարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքի կապակցությամբ` ընդգծելով հայկական եւ ռուսական ռազմատեխնիկական ձեռնարկությունների փոխադարձ ինտեգրման հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Քննարկվել են երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում նորմատիվային բազաներում համապատասխան փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որը կնպաստի երկու երկրների ձեռնարկությունների միջեւ համագործակցության առավել դյուրինացմանը: Ի լրումն, կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մի շարք նոր ծրագրերի իրականացման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում պարոն Բիրյուլինը եւ ՀՀ Պաշտպանության փոխնախարար Ա. Միրզաբեկյանը ներկայացրել են հանձնաժողովի նիստի արդյունքները:




























