Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը ժխտել է այն հայտարարությունը, որում ասվում էր, որ ԼՂՀ տարածքում կործանված անօդաչու թռչող սարքը ոչնչացրել են ռուսական հատուկ զորամիավորումները: «Սա կատարյալ սուտ է», - հայտնել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը:
Նշենք, որ ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Ղուլուզադեն ավելի հեռու էր գնացել եւ հայտարարել, որ ՌԴ հատուկ ծառայությունները կեղծ տեղեկատվություն են տարածել` Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ տարաձայնություններ սերմանելու նպատակով: Նրա խոսքով ` «իսրայելական DEBKA համացանցային պորտալը, որը տեղեկություն էր տարածել իբրեւ թե կործանված ադրբեջանական անօդաչու թռչող սարքի վերաբերյալ, ռուսական կողմի պատվերով է աշխատում»:
«Արտասահմանյան ինֆոորմացիոն կայքերի հետեւում թաքնվելը աշխարհում շատ տարածված պրակտիկա է: Եթե ուզում ես երկու տարբեր ուժերի միջեւ հակամարտություն ստեղծել, հարկավոր է սուտ տեղեկատվության հոսք: DEBKA տեղեկատվական պորտալը, ամենայն հավանականությամբ, տեղեկատվության տարածման ռուսական աղբյուր է, եւ տվյալ դեպքում ՌԴ հատուկ ծառայությունները սուտ տեղեկատվություն են տարածել Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ տարաձայնություններ սերմանելու նպատակով»,- հայտնել է Գուլուզադեն:
Նրա խոսքով` Ռուսաստանն այս պարագայում ուղղակի «մկաններն է խաղացնում»` ցուցադրելով իր ուժը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ ԼՂ զինված ուժերը ադրբեջանական անօդաչու օդանավ-հետախույզ են ոչնչացրել: Ինչպես հայտնել էր ԼՂՀ ՊՆ մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը, ադրբեջանական անօդաչու սարքը կործանվել է սեպտեմբերի 12-ին` տեղի ժամանակով առավոտյան ժամը 7:30-ին: Այլ մանրամասներ չէր հայտնվում: Տվյալ պատահարի հանգամանքները պարզելու համար Ղարաբաղում հանձնաժողով էր ստեղծվել:




























