Վրաստանը համաձայնել է Եվրամիության իշխանությունների ներկայացրած վերջնագրին` Ռուսաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցելու հարցում: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Վրաստանի ԱԳ փոխնախարար Սերգի Կապանաձեին:
«Վեդոմոստի» թերթը նշում է, որ փոխզիջումը, որի մասին խոսում է Կապանաձեն, ենթադրում է անկախ մոնիտորինգի իրականացում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի առեւտրային գործունեության նկատմամբ: Կապանաձեն հստակեցրել է, որ խոսքը միջազգային դիտորդների ներգրավման մասին, է սակայն հրաժարվել է ավելի մանրամասնել:
Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Թբիլիսի էր ժամանել Եվրահանձնաժողովի Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով վարչության տնօրեն Գունար Վիգանդը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Ռուսաստանը փորձում է ԱՀԿ-ի անդամ դառնալ 1993-ից: 2008-ի ապրիլին, Վրաստանը դուրս եկավ Մոսկվայի` ԱՀԿ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից, դրանով իր բողոքն արտահայտելով Ռուսաստանի քայլի դեմ, որով հանվել էի տնտեսական պատժամիջոցները Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նկատմամբ:
2008-ի օգոստոսյան պատերազմից հետո, երբ Ռուսաստանը միակողմանիորեն ճանաչել այդ երկու հանրապետությունների անկախությունը, Թբիլիսին խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ:
Ռուսաստանի` ԱՀԿ-ին անդամակցելու հարցով բանակցությունները Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ վերսկսվել են այս տարվա մարտին` Շվեյցարիայի միջնորդությամբ:




























