Հայաստանը շարունակում է գտնվել ցիկլոնային գոտում: Այսօր` հոկտեմբերի 27-ին, ձյուն է տեղացել լեռնային շրջաններում, մասնավորապես Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոձ ձորի լեռնային շրջաններում: «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ձյուն է տեղում նաեւ Վայոց ձորի եւ Սյունիքի նախալեռներում` Որոտանի լեռնանցքում, Սիսիանում, Գորիսում, Քաջարանում, որտեղ դիտվում են ձյան առատ տեղումներ:
Տեղումները շարունակվելու են մինչեւ հոկտեմբերի 29-ը հիմնականում ձյան տեսքով` լեռնային շրջաններում: Մյուս շրջաններում տեղումները կդիտվեն անձրեւի եւ ձնախառն անձրեւի տեսքով:
Օդի ջերմաստիճանն արդեն զգալի նվազել է 6-8 աստիճանով: Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի մինչեւ հոկտեմբերի 30-ը ներառյալ: Ամենացածր ջերմաստիճանները կգրանցվեն լեռնային շրջաններում, մինչեւ 6-7 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտում եւ նախալեռներում օդի ջերմաստիճանը կլինի 0-ից +2-ի սահմաններում:
Լեռնային շրջանների առանձին հատվածներում, որտեղ ներկայումս դիտվում են տեղումներ, գիշերային ժամերին հնարավոր է նաեւ մերկասառույց:




























