Սիրիայի վարչապետ Հուսեյն Արնուսը պատվիրակության հետ ուրբաթ երեկոյան ժամանել է Թեհրան, տեղեկացրել է Mehr-ը։
Արնուսը Թեհրան է ժամանել Իրանի փոխնախագահ Մոհամադ Մոհբերի հրավերով, որը պաշտոնապես կողջունի Սիրիայի վարչապետին։
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Մոհամադ Ջամշիդին տեղեկացրել է, որ Արնուսը նախատեսում է մասնակցել իրանա-սիրիական տնտեսական համագործակցության Բարձրագույն կոմիտեի 15-րդ նիստին։
Արնուսը նաեւ բանակցություններ կվարի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Գալիբաֆի եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ, ավելացրել է նա։
Դամասկոսում նախագահ Ռայիսիի մայիսյան այցի ժամանակ կնքված համաձայնագրերով՝ Իրանի եւ Սիրիայի իշխանությունները կստորագրեն փաստաթղթեր համագործակցության ամրապնդման վերաբերյալ, նշել է Ջամշիդին։





























