Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմական համագործակցությունը խորանում է, իսկ դա կարող է անհանգստության նոր առիթ հանդիսանալ Անկարայի համար, գրում է իսրայելական debka.com կայքը:

Վկայակոչելով իր ռազմական աղբյուրները` debka.com կայքը հայտնում է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ադրբեջանի բանակը ձեռք է բերելու երկու տեսակի անօդաչու 60 սարք: Դրանցից առաջինը` «Օրբիթր-2Մ»-ը, կարող է թռչել մինչեւ 4-6 կմ եւ մնալ երկնքում 5 ժամ, եւ երկրորդը` «Աէրոսթարը», կարող է բարձրանալ տաս կիլոմետր եւ մնալ երկնքում 12 ժամ: Դրանց 70 տոկոսը պատրաստվել է Իսրայելում, իսկ 30 տոկոսը` ադրբեջանական նոր գործարաններում: «Սեպտեմբերի վերջին Յավեր Ջամալովը` Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը, խոսել էր ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցության, հատկապես անօդաչու հրթիռային սարքերի գնման շուրջ»,-հայտնում է աղբյուրը:

Կայքը գրում է, որ Ադրբեջանը եւ Իսրայելը բանակցում են նաեւ անօդաչու հետախուզական սարքերի գնման վերաբերյալ, խոսքը իսրայելական «Էլբիթ» ընկերության կողմից արտադրվող «Հերմես-450» անօդաչու հետախուզական սարքի մասին է: «Արեւմտյան հետախուզական աղբյուրներով, Բաքուն եւ Երուսաղեմը ակտիվորեն քննարկում են իսրայելական լրտեսական արբանյակների վաճառքի հարցը: Թեհրանն անհանգստացած է: Իրանական աղբյուրները հայտնում են, որ Իսրայելը համալրելով Կասպյան ափերում տեղակայված ռադար կայանների թիվը, ցանկանում է հնարավորություն ձեռք բերել վերահսկել Թեհրանի միջուկային օբյեկտները: Թուրքիան էլ իր հերթին անհաջող փորձեր էր անում հեռացնելու Իսրայելին ադրբեջանական շուկայից»,-նշում է կայքը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական մամուլը հաճախ էր հրապարակումներով հանդես գալիս, որ Ադրբեջանը պետք է ընտրություն անի Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ: Մասնավորապես «Պոլիգոն» գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիան պահանջում է Ադրբեջանից դադարեցնել իսրայելի հետ ռազմական համագործակցությունը, սակայն ինչպես երեւում է Բաքուն որոշել է այլեւս չենթարկվել մեծ եղբորը: