Կարծում եմ՝ խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինի. եթե ինչ-որ ռևանշներ պետք է լինեն, ապա էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահը երաշխիքներ է պահանջում, որ ռևանշ չի լինելու, ու հստակ ձևակերպումներ է պահանջում:

«Բացի այդ, եթե ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը ամրապնդվի տևական ժամանակ, և այստեղ երկար ժամանակ պետականություն լինի, ապա այդ ճանապարհը ուղիղ անցնում է հարևանների հետ երկխոսության միջոցով: Խաղաղության պայմանագիրը որքան անհրաժեշտ է իրենց, այնքան անհրաժեշտ է մեզ: Ինձ համար այդ պայմանագիրը նրա մասին է, որ այստեղ տևական ժամանակ խաղաղություն լինի:

Պայմանագրի կնքումից հետո ես պատկերացնում եմ այնպիսի միջավայր Հարավային Կովկասում, որը բերելու է բոլոր մակարդակներում ինտեգրացիաների և ոչ միայն խաղաղության, նաև տնտեսական հարաբերությունների զարգացման, բարգավաճման, կենսամակարդակի էական ավելացման»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե այդ դեպքում, ինչով են պայմանավորված ադրբեջանական կողմի վախերը, պատգամավորը դժվարացավ պատասխանել:

«Եթե Հայաստանը հայտարարի, որ ռևանշի է պատրաստվում, դա ուղիղ ճանապարհ է Հայաստանի Հանրապետություն չլինելուն: Կլինեն արտաքին ուժեր, որոնք Հայաստանում կհրահրեն այդպիսի տրամադրություններ և այդպիսի բառապաշար, որովհետև այդ ուժերին պետք չի, որ ՀՀ լինի: Ուրիշի ձեռքով շագանակ հանելու քաղաքականությունը շատ տրամաբանական է այդ ուժերի համար, և մենք չպետք է գործիք դառնանք երրորդ երկրների ձեռքում:

Կլինեն Հայաստանում մարդիկ, որոնք տարբեր ճոռոմաբանություններով հայրենասիրական, այդ բառապաշարն առաջ կտանեն, բայց այդ գործընթացը տեսել ենք՝ ինչպես է տեղի ունեցել, այդ պրոցեսները, երբ հայ ժողովրդին տրամադրում են, վերջում միայնակ են թողնում»,- նշեց Պապոյանը՝ բերելով Վանի ինքնապաշտպանության օրինակը, 1,5 միլիոն մարդու ցեղասպանությունը, մարդկանց հայրենազրկումը իրենց պատմական բնօրրանից:

Նրա խոսքով՝ պետք է դուրս գալ այդ փակ ցիկլից:

Լրագրողներից մեկի հարցին՝ կա՞ն արդյոք բանակցային գործընթացում ադրբեջանական կողմի պահանջի բավարարման գործողություններ, Պապոյանը նշեց, թեև այդ մասով տեղեկատվության չի տիրապետում, սակայն  անտրամաբանական է խաղաղության պայմանագիր կնքելուն պատրաստվելուն զուգընթաց մտածել ռևանշի մասին, քանի որ ռևանշի մասին մտածող ժողովուրդը չի կարող կնքել խաղաղության պայմանագիր: 

Նրա խոսքով՝ խաղաղության վերջնակետը լինելու է սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան, և  սահմաններին ոչ թե զինվորների, այլ սահմանապահների առկայություն, փոխադարձ կապերի վերականգնում և այլն:

«Այս ամենը եթե չեղավ, խաղաղություն էլ չի լինելու»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներին պետք է պատրաստել խաղաղության:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է խաղաղության, Պապոյանը պատասխանեց՝ եթե ադրբեջանական կողմը կնքի պայմանագիր, ուրեմն պատրաստ է, եթե չկնքի, ուրեմն պատրաստ չէ: