Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ գտնվում է խոր բանակցային պրոցեսի մեջ խաղաղության պայմանագրի մասով, և այսօր մեր օրակարգում խաղաղության պայմանագիրն է, և խաղաղության պայմանագրից բխող քայլերի հաջորդականությունը, և ես կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր հարթակները խաղաղության պայմանագիրը և խաղաղության հաստատումը և անվտանգության վերջնական հաստատումը անառարկելի իրականություն դարձնելու համար: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:

«ՀՀ-ն երբեք չի կարող այն ռազմական հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մեր քաղաքացիների հանդեպ, աչք փակել, ՀՀ-ն բոլոր հարթակներում խոսում է Արցախում տեղի ունեցած տարբեր խախտումների՝ թե՛ իրավական, թե՛ անվտանգային, թե՛ այլ խախտումների մասին, և դուք կարող եք սրա մասին հետևել բազմաթիվ ելույթների ԱԳՆ մեր ներկայացուցիչների կողմից, պատկան մարմինների կողմից: Ես առաջարկում եմ երկու պրոցեսները չմիաձուլել»,- ասաց նա: