Արտաքին միջավայրը կարեւոր է Հայաստանի շահերի պաշտպանության համար, բայց միայն դրա վրա հենվել չի կարելի, քանի որ շատ բան կախված է այն բանից, թե ով է ներկա պահին իշխանությունում։ Այս մասին Ազգային ժողովում, դեկտեմբերի 13-ի ավանդական ճեպազրույցում ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը կախված արտաքին իրավիճակից։
Պատգամավորի խոսքով՝ գլոբալ խաղացողների շահերի հավասարակշռությունից կամ հակասություններից կարելի է ինչպես շահ ունենալ, այնպես էլ վնասներ կրել. «Ադրբեջանը կարողացավ փոխշահավետ համագործակցություն հաստատել ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ՝ հակամարտության մեջ չմտնելով նշված կողմերից ոչ մեկի հետ»,- ասել է Խաչատրյանը։
Իսկ Հայաստանի իշխանությունները, նրա գնահատմամբ, երկիրը վերածել են Մոսկվայի եւ հավաքական Արեւմուտքի հակամարտության ասպարեզի՝ չստանալով ոչ մի աշխարհաքաղաքական բոնուս ոչ մեկից, ոչ մյուսից։





























