Հայաստանը փորձում է ապահովել Բաքվի հետ բանակցային գործընթացի որոշակի հետեւողականություն եւ, հաշվի առնելով արեւմտյան հարթակներում ձեռք բերված նախորդ փորձը, Երեւանի համար ավելի նախընտրելի է դրանց շարունակումը պահպանել այդ ձեւաչափերի շրջանակում։ Այս մասին դեկտեմբերի 13-ին, Ազգային ժողովի այս տարվա վերջին ավանդական ճեպազրույցների ժամանակ, ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Երեւանը վերաբերվում բանակցությունների կազմակերպման Մոսկվայի առաջարկին։
Նրա խոսքով՝ մինչ այդ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ արտաքին գործերի նախարարների մակարդակով, երկու երկրների ղեկավարները հանդիպել են մի քանի անգամ Բրյուսելում, որտեղ համաձայնեցվել են սկզբունքային հարցեր։ «Խաղաղության պայմանագրի նախագծի, ինչպես նաեւ սկզբունքային հարցերի քննարկում տեղի է ունեցել նաեւ նախորդ շրջանում։ Հենց դրա համար էլ Հայաստանը հայտարարում է, որ կա արդյունավետության հարց։ Շատ կարեւոր է շարունակել բանակցությունները եւ չվերադառնալ զրոյական կետին»,- ասել է Խանդանյանը։
Պատգամավորը հիշեցրել է, որ ժամանակին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրվել է ռուսական միջնորդությամբ, բայց հետո դրա կետերից շատերը այդպես էլ չեն կատարվել, այդ թվում Լաչինի միջանցքի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության մասով։ Իսկ հայկական կողմի համար առաջնահերթը պայմանավորվածությունների կատարումն է։ Ընդ որում՝ անկախ պլատֆորմից կամ ձեւաչափից։





























