Որքան ավելի շատ են Հայաստանի իշխանությունները խոսում խաղաղության մասին, այնքան ավելի շատ է ագրեսիա իրականացվում Ադրբեջանի կողմից։ Այս մասին դեկտեմբերի 13-ին, Ազգային ժողովի այս տարվա վերջին ավանդական ճեպազրույցների ժամանակ, ասել է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նրա խոսքով՝ Վարդենիսում հաճախ են կրակոցներ լսվում։  «Ես դրանք անվանում եմ «խաղաղության կրակոցներ»։ Եվ այդ կրակոցների տակ քնելու է պառկում մեր սահմանամերձ շրջանների բնակչության մեծ մասը»,- նշել է խորհրդարանականը։

Նա ինքը Ադրբեջանի հետ խաղաղությանը չի հավատում։ «Ես շատ եմ ուզում դա, բայց չեմ հավատում։ Ես նաեւ չեմ հավատում, որ ինչ-որ փաստաթղթի ստորագրումից հետո այն կպահպանվի։ Չէ՞ որ մենք նման տխուր փորձ ունենք»,- նշել է Թովմասյանը։