Հեռուստատեսությամբ իմացա, որ գերիներին բերել են, վազելով եկա, բայց գերիների մեջ ոչ բարեկամ ունեմ, ոչ հարազատ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց երեւանցի մի կին:

«Էստեղ բարեկամ չունեմ, բայց դա հեչ կապ չունի, ուրախությունից եկել եմ: Ազնվությամբ ոչ մի բարեկամ չունեմ»,-հուզված, լաց լինելով ասաց կինն ու շարունակեց. «Ուղղակի քանի օր է` լսել էի, սպասում էի»:

Նշենք, որ այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ այստեղ են բերել հետազոտման գերիներին:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր նա եւ հրապարակել վերադարձած գերիների անունները: