Թուրք օրենսդիրները մտադիր են բանակցություններ վարել Google ընկերության հետ, որպեսզի պարտավորեցնեն նրան ռոյալթի վճարել թվային կոնտենտի մշակման փուլում գտնվող համապատասխան տեղական օրենքի շրջանակում։ Այս մասին A haber հեռուստաալիքի եթերում տեղեկացրել է թվային մեդիաների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հուսեյն Յամանը։
«Բյուջեի ուղղությամբ կատարվող աշխատանքն ավարտելուց հետո (դեկտեմբերի 24-ից հետո- ՏԱՍՍ) մենք բանակցությունների կհրավիրենք Google-ին։ Շատ երկրներում, այդ թվում Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Կանադայում, Ավստրալիայում, Google-ը համաձայնել է վճարել հեղինակներին։ Համապատասխան աշխատանք ընթանում է մեզ մոտ։ Մենք ցանկանում եք, որպեսզի այդպես լինի նաեւ Թուրքիայում»,- ասել է նա։ Այդ բանակցությունները հետաձգվել էին փետրվարյան երկրաշարժերից հետո, նշել է Յամանը։
Խորհրդարանականն ասել է, որ նախատեսվում է թարմացնել մտավոր եւ գեղարվեստական ստեղծագործությունների մասին գործող օրենքը՝ դրանում ներառելով լրատվությունը։ Դրանից հետո կսկսի գործել այն համակարգը, որով թվային հարթակները լրատվական կոնտենտ ստեղծողների հետ կկնքեն համաձայնագրեր, որոնք կնախատեսեն ռոլայթի վճարումներ։ Թուրք օրենսդիրներն առաջին հերթին մտադիր են այդ համակարգում ներառել Google-ը՝ որպես թվային շուկայի ամենախոշոր խաղացողներից մեկը։
Օրենքի գործողությունն սկսվելուց հետո թվային պլատֆորմները կվճարեն ռոյալթի մեդիա-կազմակերպություններին, եթե որոնողական համակարգերում կամ այլ ռեսուրսներում օգտատերերին ներկայացվի լրատվական արտադրանք լրիվ կամ կրճատված ձեւով։ Դրա համար պլատֆորմները պարտավոր կլինեն համաձայնագրեր կնքել կոնտենտ արտադրողների, թերթերի, գործակալությունների հետ։ Համաձայնագրի բացակայության դեպքում ընկերության գործունեությունը կարող է դադարեցվել։
Օրենքում կարող են ներառվել նաեւ ավելի ընդլայնված պահանջներ այն ընկերությունների հանդեպ, որոնք իրենց հարթակներում տեղադրում են հեղինակների նյութերը, հետեւել դրանց բովանդակությանը, որպեսզի այն համապատասխանի Թուրքիայի օրենսդրությանը։




























