2023թ․-ի սեպտեմբերին Արցախից տեղահանված հայրենակիցների առջև ծառացած կենսական կարևորության խնդիրներին լուծում տալու նպատակով «Ֆլեշ» ընկերությունը որոշում է կայացրել միանալ «Հիմք» հիմնադրամին, որն աջակցում է դժվարին կացության մեջ հայտնված արցախահայերին։
«Հաշվի առնելով այն ծանր իրավիճակը, որում հայտնվել են արցախահայերը, որոշել ենք այս տարվա նախատոնական և ամանորյա միջոցառումներին հատկացվելիք գումարները նվիրաբերել «Հիմք» աջակցման հիմնադրամին՝ այդ կերպ ձեռք մեկնելով մեր հայրենակիցներին»,- նշել է «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը։
«Հիմք» աջակցման հիմնադրամը ստեղծվել է 2023թ.-ի սեպտեմբեր ամսին՝ հիմքում ունենալով Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովելու սկզբունքը։ Հիմնադրամի նպատակն է ոչ միայն բավարարել առաջնային կարիքները, այլև օգնել արցախահայերին ոտքի կանգնել՝ հետագայում սեփական ապրուստն ու կարիքները ինքնուրույն հոգալու նպատակով։





























