Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով դատական նիստին տուժող Լեւոն Խառատյանը հայտարարեց, որ ինքն էլ է վերադաս հրամանատարության հետ կոնֆլիկտ ունեցել։

«Նախորդ նիստին իմ մտքին չէր եկել ասել այդ կոնֆլիկտի մասին։ Եղել է անձնական կոնֆլիկտ։ Ինձ պետք է բուշլատ ուղարկեին, պապայի ընկերներից էին, ինձ վաշտի հրամանատարը կանչեց, ասաց՝ մենք բուշլատ չունեի՞նք, որ բուշլատ էիր ուզել տանից»,- պատմեց նա։

Տուժողի խոսքով՝ ինքը առողջական խնդիր է ունեցել, եւ այդ պատճառով էին ցանկանում զորամասը փոխել։

Անդրադառնալով փաստաբան Նորայր Նորիկյանի այն հարցին՝ երբ ինքը զինանոցում է եղել, կրակը հասե՞լ էր ննջարանի կամ զինանանոցի դռանը, տուժողն ասաց.

«Իմ հիշելով ննջարանի դռան մոտ հասել էր, բայց կոնկրետ չեմ հիշում զինանոցի դռանը հասել էր, թե՝ ոչ»։

Հարցին՝ արդյո՞ք ինքը փորձել է մտնել ննջարան, տուժողն ասաց.

«Իմ հիշելով փորձ չեմ արել մտնել ննջարան։ Հիմա չեմ հիշու՝  ինչու չեմ մտել, երևի ուշադրությունս ավելի կենտրոնացած էր հրդեհը հանգցնելու վրա»։

Խառատյանն ասաց, որ գտնվելու վայրի և ննջարանի միջև հեռավորությունը 3-4 մետր է եղել»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։