Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով կալանավորված ամբաստանյալ Մառլեն Սարգսյանը հայտարարեց, որ տիրապետում է տեղեկատվության, որը կներկայացնի գործով տուժողների ներկայացուցչին, փաստաբան Նորայր Նորիկյանին։

Մինչեւ դատարանի որոշման հրապարակելը մեղադրող դատախազը հայտարարեց, որ ամբաստանյալը պետք է մնա կալանքի տակ, քանի որ հիմնավոր է մեղադրանքը։ Նա հայտարարեց, որ կալանավորման ընթացքում Սարգսյանի խցից հայտնաբերվել է հեռախոս, ինչը, ըստ մեղադրող կողմի, ոչ պատշաճ վերաբերմունք է։

Ամբաստանյալը հայտարարեց, որ դա իր հեռախոսը չի եղել։

«Խնդրում եմ քրեական վարույթում ցույց տալ փաստաթուղթ, որը վկայում է որ Մառլեն Սարգսյանի խցում հեռախոս է հայտնաբերվել: Ինչով է պայմանավորված, որ Ղազարյանի նկատմամբ ոչ մի խափանման միջոց չի կիրառվել»,- արձագանքեց փաստաբանը։

Գործով ամբաստանյալը հայտարարեց, որ կան ինֆորմացիաներ, որոնց մասին ինքը այժմ չի բարձրաձայնելու, եւ դիմեց Նորիկյանին. «Շատ ինֆորմացիա կա, պարոն Նորիկյան, որ չեմ ուզում բարձրաձայնել։ Ցանկացածի հետ ես պատրաստ եմ առերես հանդիպել»։

Անդրադառնալով մեղադրանքին՝ ամբաստանյալն ասաց. «900 թվի հրաման գոյություն չունի, հրամանը կեղծ է: Այդ հատվածները հանված են փաստաթղթերից, իրենք դա լավ գիտեն»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։