Իրանում տեխնիկական անսարքության պատճառով խափանվել է վառելիքի բաշխման համակարգը լցակայաններում։ ԻԻՀ նավթի նախարարությունում հայտնել են, որ խափանումները կապված չեն բենզինի գների փոփոխության հետ։ Tasnim-ի զրույցում լցակայանների գիլդիայի ներկայացուցիչ Ռեզ Նավազը հերքել է խափանումների կապը բենզինի եւ դիզվառելիքի գների եւ դրանց անբավարարության հետ։
Նավազը տեղեկացրել է, որ տեխնիկական անսարքությունը տեղի է ունեցել ամբողջ երկրում, խնդիրը կլուծվի առաջիկա ժամերի ընթացքում։
Նման տեխնիկական խափանում տեղի էր ունեցել նաեւ 2021թ., ինչի հետեւանքով կանգնեցվել էր վառելիքի սուբսիդիաների կառավարման պետական համակարգը։ Իրանի քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունը հայտնել է, որ 2021թ. հոկտեմբերի 26-ին կիբեռգրոհի հետեւում կանգնած են եղել ամերիկացիները եւ իսրայելցիները։





























