Ֆրանսական «Էյր Ֆրանս» ավիաընկերությունը կենսավառելիքի օգտագործմամբ առաջին չվերթն է իրագործել: 200 ուղեւորներ տեղափոխող «Airbus A321» ինքնաթիռը հոկտեմբերի 13-ին Տուլուզա-Փարիզ երթուղով թռիչք է իրագործել, ինչի ընթացքում գրեթե 50 % ավելի քիչ ածխաթթու գազ (СО2) է արտանետվել մթնոլորտ, քան սովորաբար:
Օդանավն արտաքինով նման է սովորականին, միայն թե շարժիչների եւ ֆյուզելյաժի վրա գրված է «կենսավառելիք»: Որպես վառելիք օգտագործվել է «կենսանավթը»` նավթի եւ օգտագործված ձեթի խառնուրդը:
Արդիականացվել է ինքնաթիռի ներսը: Այսպես, օրինակ, ֆյուզելյաժում տեղադրվել են ավելի թեթեւ ուղեւորական նստատեղեր` ամենքը 4,9 կգ-ով թեթեւ սովորականից: Մի քանի կգ-ով թեթեւացել է նաեւ սայլակի քաշը, որով ուղեկցորդուհիները սրահում սնունդ են մատակարարում:
Չնայած փորձնական թռիչքի դրական արդյունքներին, «Էյր Ֆրանս»-ում դեռ չեն շտապում նոր վառելիքը կիրառել ներքին չվերթներ կատարելիս, միջազգայինների մասին խոսել ավելորդ է, մինչեւ 2020 թվականը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:



























