Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կենսաթոշակ կամ այլ աջակցություն ստանալու համար Հայաստանի քաղաքացիություն ստանալը պարտադիր չէ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ով մասնակցել է «Սոցիալական արդարության առաջմղում. աշխատանքի ոլորտի ապագայի փոփոխությունը տեխնոլոգիական փոխակերպումների և ճգնաժամի դարաշրջանում» միջազգային համաժողովին։

Նա հավելել է, որ բոլոր նրանք, ովքեր Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ ստանալու իրավունք են ունեցել, կենսաթոշակ կստանան նաև Հայաստանում։ «Դեկտեմբերի 11-ից սկսել ենք հայտերի ընդունումը։ Դեկտեմբերից կսկսենք կենսաթոշակների վճարումը, այդ թվում՝ 2023 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար»,- նշել է Մկրտչյանը։

Նրա խոսքով, միջազգային գործընկերները ևս ակտիվ քայլեր են ձեռնարկում, ինչպես և Հայաստանի կառավարությունը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու համար:

«Բացի այդ, Հայաստանն իրականացնում է բոլոր այն բարեփոխումները, որոնք ստանձնել է Աշխատանքի միջազգային կազմակերպության առջև։ Այս բարեփոխումներից են աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները, աշխատանքի ոլորտում ռազմավարության մշակումը, սոցիալական գործընկերության խթանումը և այլն: Կազմակերպությունը գտնում է, որ Հայաստանի քայլերը նպաստում են վերը նշված նպատակների իրականացմանը»,- եզրափակել է նախարարը: