Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 28-ին, կառավարությունում ընդունել է Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավար Անթթի Հարթիկայնենին եւ նշել, որ ՀՀ կառավարության նպատակն է նպաստել խորհրդատվական խմբի հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը: «Խորհրդատվական խումբը պետք է օգնի մեզ՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների իրականացման գործում: Մենք ակնկալում ենք ձեր մասնագիտական եւ տեխնիկական խորհրդատվությունը՝ տարբեր ուղղություններով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԵՄ խորհրդատվական խմբի անդամները վարչապետին են ներկայացրել Հայաստան-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման, ինչպես նաեւ ասոցացման համաձայնագրերի շուրջ ընթացող երկկողմ գործողությունների ընթացքն ու արդյունքները: Կողմերը քննարկել են նաեւ արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, սահմանների համալիր կառավարման եւ այլ ուղղություններով իրականացված համատեղ միջոցառումները:
Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետը կարեւորել է խորհրդատվական խմբի եւ Հայաստանի պետական կառավարման մարմինների միջեւ համագործակցության զարգացումը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությանն անհրաժեշտ են հստակ լուծումներ՝ կոնկրետ խնդիրների վերացման համար: Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ խորհրդատվական խմբի հետ աշխատանքները կտան իրենց դրական արդյունքները:




























