Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 28-ին, ընդունել է ԱՊՀ անդամ երկրների երկաթուղային վարչությունների ղեկավարներին, ովքեր Երեւան են ժամանել ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը ողջունել է արդեն երրորդ անգամ խորհրդի նիստի անցկացումը Երեւանում, նշելով, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԱՊՀ ինտեգրացիոն գործընթացներում եւ կողմ է Համագործակցության անդամ երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացմանը: Ընդգծելով, որ ԱՊՀ-ի տնտեսական բաղադրիչում տրանսպորտային ենթակառուցվածքը եւ մասնավորապես՝ երկաթուղային հաղորդակցությունը կարեւոր տեղ են զբաղեցնում, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում երկաթուղային տրանսպորտի զարգացման ոլորտում որոշակի առաջընթաց կա, սակայն միջտարածաշրջանային երկաթուղային հաղորդակցության զարգացման համատեքստում մեր երկիրը դեռեւս հայտնի խնդիրներ ունի:
ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի եւ «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ Հայաստանում խորհրդին հերթական անգամ հյուրընկալելու, ինչպես նաեւ երկաթուղու խնդիրների նկատմամբ մշտական ուշադրության ու հոգածության համար: Նա կարեւորել է վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ընդունված երկաթուղային տրանսպորտի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը պաշտպանել է նաեւ Հայաստանը:



























