Ներկա իրավիճակում, Հայ ազգային կոնգրեսին այլ բան չի մնում քան փոխարինել իշխանության կողմից մերժված բանակցային անցումը դեպի ժողովրդավարություն` թավշյա հեղափոխության տարբերակով: Այս մասին Ազատության հրապարակում, ընդդիմությանհանրահավաքում հայտարարել է ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, 8 օր տեւած մեր շուրջօրյա հոկտեմբերյան հանրահավաքներով ավարտվեց գարնանից սկսած այն քաղաքական գործընթացը, երբ ժողովրդի ճնշման ներքո իշխանությունները սկսեցին քայլեր կատարել Հայաստանում ժողովրդավարական ազատությունների հաստատման ուղղությամբ:

«Համաշխարհային փորձը բազմաթիվ օրինակներ ունի, երբ բռնապետական ռեժիմները, սպառելով բռնաճնշումների ռեսուրսը, ստիպված են լինում ազատ արձակել քաղաքական ընդդիմախոսներին բանտերից եւ հաշվի նստել ժողովրդավարության հաստատման համար պայքարող շարժման հետ: Նման դեպքերում ռեժիմի եւ ընդդիմության միջեւ բանակցությունների միջոցով որոշվում են ազատ եւ արդար ընտությունների անցկացման ժամկետները եւ մեխանիզմները: Այս մոդելը հայտնի է որպես դեպի ժողովրդավարություն բանակցված անցման մոդել, եւ կիրառվել է բազմաթիվ երկրներում, ներառյալ Լեհաստանը, Արեւեւելյան Եվոպայի այլ երկրները, Հարավային Աֆրիկան, Չիլին եւ այլն:

Մենք պարտավոր էինք փորձել այդ տարբերակը, առավել եւս, որ ռեժիմը ինքը համաձայնվեց քննարկել Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման խնդիրը: Սակայն այսօր մենք արձանագրում ենք, որ ռեժիմը, տապալելով երկխոսությամբ համաձայնության գալու որեւէ տարբերակ, կեսճանապարից դադարեցրեց դեպի ժողովրդավարություն տանող գործընթացի իրականացումը:

Նման վիճակում մեզ այլ բան չի մնում քան փոխարինել իշխանության կողմից մերժված բանակցային անցումը դեպի ժողովրդավարություն` թավշյա հեղափոխության տարբերակով: Սա նշանակում է, որ այլեւս մենք որեւէ իմաստ չենք տեսնում ռեժիմի հետ բանակցելու մեջ եւ այսօրվանից սկսում ենք ժողովրդի ճնշման ներքո` Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականը պարտադրելու գործընթացը»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:

«Մեր նպատակն է լինելու ժողովրդի այնպիսի մոբիլիզացիայի ստեղծումը, որը երկրի կառավարումը ուղղակի անհնար կդարձնի ներկա հանցավոր վարչախմբի համար»,- ասաց նա:

Ըստ Լ. Զուրաբյանի, իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման համար կա երկու ճանապարհ: «Առաջինը` Սերժ Սարգսյանի վարչախմբի նկատմամբ ժողովրդի ուղղակի ճնշումն է, երբ ժողովրդական զանգվածները հանրահավաքների, ցույցերի, երթերի, պիկետների ահագնացող ալիքով անհնար կդարձնեն ձախողված վարչախմբի գործունեության շարունակությունը եւ կստիպեն Սարգսյանին հրաժարական տալ: Երկրոդ ճանապարհը` Սահմանադրության 57 հոդվածի համաձայն` Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացի հարուցումն է Ազգային ժողովում` անհատ պատգամավորների եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ համապատասխան աշխատանքով եւ ժողովրդական ճնշմամբ»,- նշեց ՀԱԿ համակարգողն ու հավելեց. «Մենք ունենք Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռացնելու եւ Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման իրագործման համար ժողովրդական ընդվզման աննախադեպ ուժգնության ալիքի ստեղծման համար բոլոր անհրաժեշտ գործիքները եւ նախադրյալները, եւ մեր գործը պետք է դառնա ազգովին լծվել հռչակված այս նպատակների իրագործմանը»: