Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը (ԴՈւԱԽ) դեկտեմբերի 18-ին կոչ է արել միջազգային հանրությանը հասցեական պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի դեմ քաղաքական բռնաճնշումների պատճառով, տեղեկացրել է «Թուրանը»։

ԴՈւԱԽ-ը հայտարարությունում հիշատակել է անհիմն մեղադրանքները եւ ձերբակալությունները ռեժիմի ընդդիմախոսների հանդեպ, ինչպիսին են Ղուբադ Իբադօղլուն, Թոֆիկ Յաղուբլուն եւ այլք։ Իշխանությունները բռնաճնշումներն ուժեղացնելով փորձում են ապահովագրել իրենց աշխարհաքաղաքական եւ ներքին վտանգներից՝ օրեցօր սրվող սոցիալական դրության եւ խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին, նշվել է հայտարարությունում։ Ամբողջ տարածաշրջանը ներառվել է եվրաինտեգրացիոն շարժման մեջ, ինչից եւս վախենում են իշխանությունները, կարծում են ԴՈւԱԽ-ում։

«Համենայն դեպս, հեռանկարային չէ մեր պետությունը դուրս մղել դեմոկրատիայի հարյուրամյա ավանդույթից դեպի Արեւելք՝ հանուն ընտանեկան իշխանության պահպանման»,- նշվել է հայտարարությունում։

Հայտարարության հեղինակները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել անհապաղ ազատ արձակել Թոֆիկ Յաղուբլուին, Ղուբադ Իբադօղլուին, լրագրողներ Հաֆիզ Բաբալիին, Սեւինջ Վագիֆգըզըին, Ուլվի Հասանլիին եւ այլ քաղբանտարկյալների։

«Միջազգային հանրությանը եւ կազմակերպություններին կոչ ենք անում անտարբեր չմնալ բռնաճնշող ռեժիմի հակամարդասիրական գործողությունների հանդեպ, հասցեական պատժամիջոցներ կիրառել կառավարող ռեժիմի դեմ, որը դարձել է մարդու իրավունքների եւ ազատությունների թշնամին»,- ասված է հայտարարությունում։