Բրազիլիայի առաջին տիկին Ռոզանժելա Լուլա դա Սիլվան երեքշաբթի օրը հայտարարել է, որ դատի է տալու ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի սոցիալական մեդիայի X հարթակին, որը նախկինում հայտնի էր որպես Twitterն, անցյալ շաբաթ իր հաշիվը կոտրելու համար, հայտնում է Reuters-ը։

Ենթադրյալ հաքերը դեկտեմբերի 11-ին մուտք է գործել Ռոզանջելա դա Սիլվայի էջ և հրապարակել մի քանի հաղորդագրություններ, այդ թվում՝ վիրավորանքներ առաջին տիկնոջ և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հասցեին, ինչպես նաև կնատյաց արտահայտություններ:

«Ես դեռ չգիտեմ՝ նրանց դատի կտամ ԱՄՆ-ում, թե Բրազիլիայում, բայց ես նրանց դատի կտամ», - հայտարարել Է Բրազիլիայի առաջին տիկինը հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ։

Նա նաև կոչ է արել Բրազիլիային կարգավորել սոցիալական ցանցերի աշխատանքը՝ ասելով, որ դրանք պետք է պատասխանատվություն կրեն իրենց օգտատերերի գործողությունների համար:

Իր հերթին Բրազիլիայի նախագահը համաձայնել է, որ սոցիալական ցանցերի կարգավորումն անհրաժեշտ է ամբողջ աշխարհում, սակայն իր մտահոգությունն է հայտնել այդ հարցի բարդության վերաբերյալ:

«Դժվար է հասկանալ, թե ինչպես կարող ենք կարգավորել դա՝ առանց գրաքննություն մտցնելու։ ԵՄ-ն արդեն որոշ քայլեր է ձեռնարկել, մենք պետք է շատ ուշադիր հետեւենք, թե ինչ են անում Միացյալ Նահանգներն ու Չինաստանը»,- ասել է նա։