Ակադեմիական քաղաքը լավ գաղափար է, պարզապես այն բովանդակային առումով պետք է ճիշտ իրագործել։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։
Նա հավելեց, որ երբ առաջին անգամ վարչապետը հնչեցրել է ակադեմիական քաղաքի գաղափարը, ինքն է խոսել կրթության և գիտության ինտեգրման անհրաժեշտության մասին, քանի որ մեր բուհերում հետազոտական բաղադրիչը շատ թույլ է։ Բայց նա նկատի չուներ մեխանիկական միավորումը։ Ինտեգրվելու բազմաթիվ եղանակներ կան:
«Մենք պետք է հասկանանք մի բան՝ մենք ուզում ենք իրոք կրթությունը գիտության հետ ինտեգրվի, թե ուղղակի մենք ուզում ենք չլինի Գիտությունների ակադեմիան։ Ավելի ճիշտ՝ չլինի ուժեղ Գիտությունների Ակադեմիա։ Միգուցե մի քիչ խիստ ասեցի, բայց ո՞վ գիտի։ Երբ մենք այդ հարցի պատասխանը ունենանք, պարզ կլինի, ինչ ենք սպասում այդ մեգածրագրից», – ասաց նա։
Աշոտ Սաղյանը հիշեց, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի՝ գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների հետ մինչ այժմ առաջին և միակ հանդիպման ժամանակ նախարարը խոստացել է, որ առանց ակադեմիական համակարգի ներկայացուցիչների հետ մանրամասն քննարկման ոչ մի նախագիծ շրջանառության մեջ չի դրվի։
Սակայն մինչ օրս որեւէ քննարկում չի եղել։ Բայց միայն բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումների միջոցով կարելի է ճիշտ որոշումներ կայացնել, կարծում է ակադեմիայի նախագահը։
«Մեր կարծիքը, Ակադեմիայի դիրքորոշումը ես ներկայացրել եմ աշխատանքային խմբում, որի անդամն էի: Եվ ես հույս ունեի, որ դա նույնպես կառավարությունում քննարկման կդրվի, բայց ինչպես տեսնում եմ, դրա մասին ընդհանրապես չի խոսվում։ Պետք է երկու ծրագիրն էլ դրվի քննարկման։ Եթե ոչ մեկը լիարժեք չի ընդունվում, գոնե երկու ծրագրերից լավ կողմերը վերցնեն եւ մեր պետության համար ստեղծեն մեկ ինտեգրված ծրագիր։ Դժվար է որևէ տեղից որեւէ պետության պատրաստի ծրագիր բերել ներդնել մեր համակարգում։ Մենք ունենք մեր առանձնահատկությունները եւ ավանդույթները։ Մենք ինչ էլ որ անենք, պետք է անենք առաջին հերթին այն նպատակով, այն ռազմավարական ուղղվածությունը առաջ տանելով, որ ոչ թե եղածը վատացնենք, այլ եղածի հենքի վրա փորձենք զարգացնել», – ասաց նա։
Աշոտ Սաղյանը հավելեց, որ նախագահությունը մշակել է Գիտությունների ակադեմիայի բարեփոխման ծրագիր՝ այն դարձնելու ավելի արդյունավետ կառույց, որի կարիքն ունի մեր հասարակությունն ու պետությունը։ Նա նշեց, որ երկրի ապագան չի տեսնում առանց Գիտությունների ակադեմիայի, քանի որ երկրի առջեւ ծառացած են լուրջ մարտահրավերներ, այդ թվում՝ անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման եւ այլն, եւ դրանց լուծումն առանց գիտության անհնար է։
«Եվ այս բոլորը, մեր կարծիքով, պետք է անել առաջին հերթին խթանելով Գիտությունների ազգային ակադեմիայի զարգացումը։ Մենք պատրաստ ենք դրան։ Ունենք ներուժ, ունենք կամք, միտված ենք դա անելու եւ սպասում ենք համապատասխան օրենսդրական փոփոխությունների։ Մնացածը կախված է օրենքից, հետեւաբար, օրենքը ընդունողների կամքից։ Նրանից, թե ինչպե՞ս իրենք կտեսնեն Գիտությունների ազգային ակադեմիան՝ որպես հզոր կառո՞ւյց, պետության թիկունքում կանգնած, թե՞ ուղղակի որպես Ակադեմիա», – ասաց նա։





























