Թունիսի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած չափավոր իսլամական «Ան Նահդա» կուսակցության առաջնորդ Ռաշիդ Գանուշին խոստացել է, որ իշխող կոալիցիայի մեջ, որը նա հույս ունի ձեւավորել, կմտնեն նաեւ կանայք, անկախ նրանից, նրանք կրում են չադրա, թե` ոչ:
Նա ասել է, որ իր կուսակցությունը չի փորձի կանանց ստիպել, որ չադրա կամ գլխաշոր կրեն:
Գանուշին նաեւ հայտարարել է, որ տապալված նախագահի կառավարության որոշ անդամներ կարող են պահպանել իրենց տեղերը նոր կառավարությունում, քանի որ նրա կարծիքով, իմաստ չունի աշխատանքից ազատել ազնիվ եւ իրենց գործը լավ կատարող նախարարներին, հաղորդում է BBC-ն:




























