Ընկալման հարց է. վարչապետը ներկայացրել է փաստեր, հիմա նայած, թե ով ինչպես կընկալի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները մեղադրանք էին Ռուսաստանին՝ Հայաստանի դեմ ռազմական սադրանք սկսելու հետ կապված:

«Ես ընկալել եմ այնպես, ինչպես վարչապետն է ընկալել: Դրանք փաստական տվյալներ են, սկզբում փաստերն են հրապարակվում, հետո դրանց ուղղությամբ ուսումնասիրություններ, մտորումներ են արվում, որպեսզի հասկանան՝ օրինաչափությունը որտեղ է: Ցանկացած բանական մարդ փաստերը ընկալելով ինքնէ որոշում՝ ինչ կարող է լինել:

Որոշակի տարօրինակ գործողություններ միշտ եղել են ռուսական կողմից, նախքան ռազմական գործողություններ իրականացվելը Ադրբեջանի կողմից: Դա ակնհայտ է: Ռուսաստանը մի շարք պարտավորություններ ունի Հայաստանի անվտանգության մասով: Ռուսաստանը ի վիճակի չի եղել ու ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները, ուղղակի ի վիճակի չէ», - ասաց նա։