Հոկտեմբերի 29-ին, Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակ Յուպիտերը կլինի այս տարվա ընթացքում Երկրից ամենափոքր հեռավորության վրա` 4 աստղագիտական միավորը (ա.մ., 1 ա.մ. մոտ 150 միլիոն կմ է): Երկիրը` շարժվելով իր ուղեծրով, անցնում է Արեգակի եւ Յուպիտերի միջեւ, եւ Յուպիտերի (ինչպես նաեւ այլ մոլորակների) նման դիրքը կոչվում է դիմակայություն:
Հսկա մոլորակի տրամագիծը երկնքում` չափված աղեղնային վայրկյաններով, հասնելու է իր առավելագույն արժեքին` 49.6‘‘ (1‘‘ հավասար է 1o-ի 1/3600 մասին): Գազային հսկա մոլորակը գիշերային երկնքում երեւալու է մեծ եւ պայծառ` -2.96 աստղային մեծությամբ (երկնքի ամենապայծառ աստղ Սիրիուսից մոտ 5 անգամ ավելի պայծառ): Դիմակայության մեջ Յուպիտերը տեսանելի կլինի Ձկների համաստեղությունում: Այն կծագի արեւելքում` արեւամուտից անմիջապես հետո եւ տեսանելի կլինի ամբողջ գիշեր:
Աճող Լուսինը լուսավորված կլինի ընդամենը 6.8%-ով: Սա ամենալավ ժամանակն է Յուպիտերն ու իր արբանյակները դիտելու եւ նկարահանելու համար. նույնիսկ ամենափոքր աստղադիտակով հնարավոր կլինի դիտել Յուպիտերի Գալիլեյան կոչվող 4 ամենամեծ արբանյակները (Իո, Եվրոպա, Գանիմեդ եւ Կալիստո): Հիշեցնենք, որ դիմակայությունը կարող է տեղի ունենալ միայն արտաքին մոլորակների դեպքում (Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն), իսկ Մերկուրիի եւ Վեներայի համար բացառվում է: Դիմակայությունը տեղի է ունենում ամեն տարի, քանի որ Երկիրն ավելի արագ է պտտվում Արեգակի շուրջը, քան արտաքին մոլորակները եւ նրանց շրջանցելով, հայտնվում է Արեգակի եւ մոլորակի միջեւ: Օրինակ Յուպիտերի դիմակայությունն ամեն անգամ տեղի է ունենում նախորդ տարվանից 33.5 օր ուշացումով:




























