Հնդկաստանը «Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրներին կոչ է արել հետաձգել ռուսական ադամանդների վրա արգելքի սահմանումը, քանի որ թանկարժեք քարերի ծագմանը հետեւելու կանոնները մնում են անորոշ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Հնդկաստանում է գտնվում ադամանդագործության և փայլեցման համաշխարհային արդյունաբերության 90%-ը, ինչը երկիրը կարևոր է դարձնում արգելքի իրականացման համար:

Ըստ աղբյուրի՝ Նյու Դելին նաեւ ավելի հստակություն է փնտրում G7-ի ղեկավարների հետ բանակցություններում։

Այս ամսվա սկզբին G7-ի երկրները հայտարարել են հունվարի 1-ից ռուսական ադամանդների ուղղակի արգելքի մասին, այնուհետև մարտի 1-ից ռուսական թանկարժեք քարերի անուղղակի ներմուծման սահմանափակումների փուլային սահմանման մասին: Նշվում է նաև, որ սեպտեմբերին կներդրվի թանկարժեք քարերի ծագման հետագծման նոր համակարգ։

Ռուսաստանը չմշակված ադամանդի խոշորագույն արտադրողն է աշխարհում:

«Ռուսաստանից անուղղակի ներմուծման սահմանափակումների ժամկետը երեքից-չորս ամիս հետո նպատակահարմար չէ, քանի որ պարզ չեն այն կանոնները, թե ինչպես են հետևելու թանկարժեք քարի ծագմանը»,- ասել է աղբյուրներից մեկը:

Հնդկաստանը նաև իր կասկածներն է հայտնել «հետևման վրա հիմնված ստուգման և սերտիֆիկացման» նոր համակարգի վերաբերյալ, որը կարող է պահանջել տվյալների փոխանակում հնդկական բիզնեսի վերաբերյալ։ Աղբյուրը նաև ասել է, որ որոշ տվյալներ կարող են գաղտնի լինել, և ձեռնարկությունները կարող են հարմարավետ չզգալ նման տեղեկատվությունը կիսելու համար։

Կառավարության պաշտոնյան հայտնել է, որ Հնդկաստանը հիմնականում մշակում է ավելի փոքր ռուսական ադամանդներ, այդ իսկ պատճառով երկիրն ակնկալում է առևտրի նվազագույն խափանում։

Այնուամենայնիվ, ոլորտի պաշտոնյաներն ասում են, որ առաջարկվող արգելքը կազդի ադամանդի մատակարարման շղթայի վրա: Հնդկաստանի ադամանդի ոլորտն արդեն բախվում է պահանջարկի թուլացմանը։ Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում, որը սկսվել է ապրիլին, երկրից ադամանդների արտահանումը նվազել է 29 տոկոսով ՝ մինչեւ 10 մլրդ դոլար: