Դա անթույլատրելի եւ անընդունելի եմ համարում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանությունը ինքնիշխան Հայաստանից քաղաքացու է ձերբակալել եւ տեղափոխել Ռուսաստան:
«Կարծում եմ՝ մեր ԱԳՆ-ն պետք է համապատասխան արձագանք ցուցաբերի, որովհետեւ դա անթույլատրելի է»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցն ահազանգել էր, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողները ձերբակալել են Գյումրիում ապաստանած Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սետրակովին։
Նա, ըստ Սաքունցի, Ռուսաստանում պայմանագրային զինծառայող է եղել, բայց ռազմական գործողություններից հետո հրաժարվել է ծառայությունից ու տեղափոխվել Հայաստան: Սակայն զորամասն ինքնակամ լքելու հիմքով նրան ձերբակալել ու Գյումրիի ռազմաբազա են տեղափոխել, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցված:
Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Դմիտրի Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և Ռուսաստանի իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն Հայաստանի գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել:
Կառույցից պարզաբանել են, որ Դմիտրիյ Սետրակովի՝ Ռուսաստանի իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս Հայաստանի տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն Գլխավոր դատախազությունում առկա չէ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա տեղափոխվել է Ռուսաստան:











