Չեմ կիսում տեսակետը, որ Հայաստանում տնտեսական բումը միայն ռելոկանտների գալու արդյունքում է. բնականաբար, ՀՀ կառավարությունը եւ մենք մեր քաղաքական թիմով անում ենք ամեն ինչ, որ Հայաստանը դառնա գրավիչ միջավայր ապրելու, աշխատելու, ստեղծագործելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այդ միջավայրի վրա կատարած աշխատանքի արդյունքում է, որ այն մարդիկ, որոնք ստիպված էին լքել Ռուսաստանը, ընտրել են Հայաստանը: Իրենք չեն գնացել, ասենք, Ադրբեջան, բազմաթիվ այլ երկրներ: Հայաստանը գլխավոր շահառուներից մեկն է այդ միգրացիայի:
Մեր քայլերը միտված են նրան, որ աշխարհին ցույց տանք, որ Հայաստանը IT-ով զբաղվելու համար լավ տեղ է»,-ասաց նա:
Հարցին, թե տնտեսական աճի բումը կշարունակվի՞, նախարարը պատասխանեց. «2024 թվականին կառավարությունը եւս կանխատեսել է 7 տոկոս տնտեսական աճ: Չեմ թաքցնում՝ կան մարտահրավերներ, բայց կան նաեւ շատ հնարավորություններ, որոնք պատշաճ իրացնելու դեպքում, մենք էլի կհասնենք մեր թիրախին»:











