ԱՄՆ-ն հայտնել է նոր բացահայտված հետախուզական տվյալների մասին, որոնք «վկայում են այն մասին, որ Իրանը ներգրավված է Կարմիր ծովում առեւտրանավերի դեմ գործողությունների պլանավորանը», CNN-ին տեղեկացրել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ադրիեն Ուոթսոնը։
Եմենի հուսիները վերջին չորս շաբաթում ավելի քան 100 հարձակում են կատարել Կարմիր ծովով անցնող մոտ տասը առեւտրանավերի վրա։
Ամերիկյան հետախուզությունը պնդում է, որ «իրանական աջակցությունը Գազայում հուսիներին թույլ է տվել հարձակումներ կատարել Իսրայելի եւ ծովային թիրախների վրա, չնայած Իրանը հաճախ հուսիներին օպերատիվ որոշումներ կայացնելու լիազորություններ է տվել»։
Իրանցիները, ըստ ամերիկյան հետախուզության, հուսիներին տրամադրել են մոնիթորինգի համակարգեր, որոնք թույլ են տալիս գործել ծովում, ասել է Ուոթսոնը։
Նրա խոսքով՝ անօդաչուները եւ հրթիռները, որոնք հուսիներն օգտագորում են գրոհների համար, նույնպես տրամադրվել են Իրանի կողմից այդ ապստամբական խմբավորմանը զինելու շրջանակում՝ 2015-ից ի վեր։
Այս շաբաթ ԱՄՆ-ն սկսել է Prosperity Guardian գործողությունը, ծովային կոալիցիա՝ ուղղված Կարմիր ծովի հարավում անվտանգության ամրապնդմանը։ Ներկա պահին նախաձեռնությանը միացել են ավելի քան 20 երկրներ, հինգշաբթի տեղեկացրել է Պենտագոնը։
Կարմիր ծովում առեւտրանավերի վրա հարձակումները «բավական մեծ թափ են ստացել եւ հասել մինչ այժմ չտեսնված մակարդակի, համենայն դեպս՝ վերջին երկու սերնդի ընթացքում»,- երեքշաբթի ասել է ԱՄՆ բարձրաստիճան զինվորական պաշտոնյան։





























