Վրացական լրատվամիջոցները հայտնել են, թե Վրաստանի երկաթուղու ղեկավարությունը Սադախլո-Թբիլիսի հատվածը հանձնել է հայերին:
Ըստ վրացական «Ղվելա Սիախլե» պարբերականի, Վրաստանի երկաթուղում ստեղծված իրավիճակը տագնապալի է, քանի որ երեք շաբաթ առաջ Վրաստանի երկաթուղու ղեկավարությունը Սադախլո-Թբիլիսի հատվածը հանձնել է Հարավակովկասյան երկաթուղուն, արդյունքում այդ հատվածում գնացքը հայերն են վարում, իսկ վրացի մեքենավարները գործազուրկ են դարձել:
Ինչպես պարբերականի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ հայտարարել է վրացական «Ազատ Վրաստան» կուսակցության անդամ Գիորգի Ղրուաշվիլին, մտավախություն կա, որ շուտով Ադրբեջանն էլ պահանջներ կներկայացնի:
«Պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի երկաթուղին փակուղու մեջ է: Հակամարտությունից հետո, Հայաստան բեռը մուտք է գործում Վրաստանի միջոցով, այդ պատճառով էլ հայերը ուզում են ձեռք բերել Սադախլո-Թբիլիսի հատվածը: Հայաստանի երկաթուղու եկամուտը կաճի, իսկ Վրաստանինը`կնվազի: Այդպես է, եթե սեփական օբյեկտի նկատմամբ ուշադիր չես լինում, ուրիշները տնօրինում են այն»,- նշել է «Ազատ Վրաստան» կուսակցության անդամը:
Մինչդեռ Վրացական երկաթուղու մամուլի ծառայության ներկայացուցիչ Իրմա Ստեփանաձեն հայտնել է, որ Վրաստանը դրանով ոչ թե կորցնում է, այլ շահում է, քանի որ սահմանի վրա այլեւս պետք չէ մեքենավարների փոխանակում կատարել, ինչը Վրաստանի կողմից թե ժամանակի եւ թե տնտեսական ռեսուրսների կորուստ էր, իսկ մյուս կողմից էլ ապահովում է ուղեւորների հարմարավետությունը:
«Նման որոշումը Վրացական երկաթուղու տնտեսական տեսանկյունից արդարացված է: Ինչ վերաբերում է վարորդներին, ապա այդ ինֆորմացիան նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ ոչ մի վարորդ չի կրճատվել կամ փոխարինվել»,- հայտարարել է մամուլի ներկայացուցիչը:



























