Դեկտեմբերի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի միջև։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, զրույցի ընթացքում Հասանովը ցավակցություն է հայտնել Հյուսիսային Իրաքում քրդերի հարձակման հետևանքով թուրքական զինված ուժերի անձնակազմում զոհերի և վիրավորվների կապակցությամբ։
«Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսևորում և շարունակական աջակցություն ենք հայտնում եղբայրական Թուրքիայի զինված ուժերին ահաբեկչության դեմ անհաշտ պայքարում։
Պաշտպանության նախարարը ադրբեջանական բանակի անձնակազմի և իր անունից խորին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթել ապաքինում։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ Թուրքիան հայտնել էր Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների հարձակման հետևանքով իր 12 զինվորների զոհվելու մասին։ Դրանից հետո Թուրքիան հայտարարել է տարածաշրջանում նոր գործողություն սկսելու մասին։





























