Արցախի պետական ինստիտուտների պահպանությունը որեւէ կերպ չի կարող վտանգել ՀՀ անվտանգությանը, այլ ընդհակառակը՝ դա կարող է նաեւ օգնել Հայստանի Հանրապետությանը այդ հակամարտության մեջ, բանակցությունների սեղանին դիրքերն ուժեղացնելու, եթե այդպիսի նպատակ ունեն ՀՀ իշխանությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:
«Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության լուծարում որեւիցե հրամանագրով, ապա դա ուղղակի որւեէ կերպ հնարավոր չէ, որովհետեւ Արցախի Հանրապետությունը չի ստեղծվել որեւիցե մեկի հրամանագրով, որ նաեւ մեկ անձի հրամանագրով այն լուծարվի: Սակայն կարծում եմ, որ շատ կարեւոր եւ տեղին է, որ Արցախի Հանրապետության նախագահը հայտարարի այդ եղած հրամանագրի առոչինչ լինելու մասին, կամ նոր հրամանագրի մասին, որը այսպես կոչված կբացահայտի այն հրամանագրի բնույթը, կնքման ձեւերը եւ այլն, չնայած՝ դրա մասին բազմաթիվ անգամ խոսվել է: Ուստի ներկայիս իշխանությունների այն մտավախությունները, թե իբր Արցախի Հանրապետության ինստիտուտների գոյությունը կարող է ինչ-որ ձեւ վտանգել անվտանգությունը, դա ինչ-որ ձեւ Ադրբեջանի նկատմամբ ունեցած վախերի արտահայտություն է, այլ ոչ թե իրականություն: Եւ եթե իշխանություններին թվում է, թե Արցախի Հանրապետությունը լուծարելով կկարողանան սանձել Ադրբեջանի իշխանություններին, ապա նրանք չարաչար սխալվում են եւ կարծում եմ, որ այս թեման չպետք է շահարկել եւ շատ քննարկել»,- ասաց նա:
Անդրադառնալով իշխանությունների այն պնդումներին, որ հրամանագրի չեղարկումը կամ պետական ինստիտուտների պահպանումը կարող է պատերազմի հանգեցնել, Հակոբյանը նշեց, որ Ադրբեջանը այդ շարառիթով երբեք չի սկսի ռազմական գործողություններ, այլ միայն այն դեպքում, եթե իրենց պլանների մեջ դա մտնի՝ անկախ նրանից, թե ՀՀ-ն ինչ վարքագիծ է դրսեւորում:
«Ուստի եթե այս պատճառը չլինի, մեկա այլ պատրվակ կգտնեն իրենց նպատակներին հասնելու համար»,- հավելեց նա:
Խոսելով Արցախ վերադարձի հնարավորության մասին, Հակոբյանը նշեց, որ դա ողջ հայության համար պետք է օրակարգային հարց դառնալ եւ այն հնարավոր կլինի միայն հզոր Հայաստան ունենալու պարագայում:
«Պետք է հայը ունենա Արցախ վերադառնալու հնարավորություն, անկախ նրանից այն իր ծննդավայրն է, թե ոչ, ուստի ամբողջ հայ ազգը պետք է մտածի՝ ինչ օրակարգով պետք է առաջնորդվենք, որպեսզի կարողանանք վերադառնալ հայկական Արցախ, իսկ դրա միակ պայմանը հզոր Հայաստան ունենալն է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Արցախի պաշտոնյաների հետ քննարկման ժամանակ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ասել էր, որ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները լուծարված չեն։ Նա ասել էր, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:





























