Հայ ազգային կոնգրեսը կենտրոնանում է հերթական ընտրությունների ավելի իրատեսական սցենարի վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը` մեկնաբանելով հոկտեմբերի 28-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Տեր-Պետրոսյանը նշել էր, որ ՀԱԿ-ը շարունակելու է ջանքեր գործադրել արտահերթ ընտրությունների ուղղությամբ, սակայն եթե քաղաքական իրավիճակի զարգացումն այլ կերպ լինի, ՀԱԿ-ը ձգտելու է զգալի ներկայություն ապահովել խորհրդարանում եւ այլ ուժերի հետ հասնելու է նախագահի իմպիչմենտին:

«Առկա պայմանները ցույց են տալիս, որ Հայաստանում արագ ընտրությունների անցկացումը շատ բարդ խնդիր է, եւ ընդդիմությունը սկսում է պատրաստվել հերթական ընտրությունների սցենարին»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով ՀԱԿ-ի եւ այլ քաղաքական ուժերի կոալիցիան ապագա խորհրդարանում կանխատեսելը դեռ վաղ է: «Դա բավական հեռու ապագայի հարց է, եւ հայտարարությունը տեսական բույթ է կրում: Առայժմ որեւէ քաղաքական ուժ չի արձագանքել, սակայն ՀԱԿ-ը չի բացառել համագործակցությունը շահագրգիռ քաղաքական ուժերի հետ»,- ասել է Մանվել Սարգսյանը` մատնանշելով, որ կոնգրեսը անգամ «բարգավաճ Հայաստանի» հետ երկխոսությունը չէր բացառում:

«Հայաստանի ներկայիս իշխանությունները շարժվում են «Ով մեր հետ չէ, մեր դեմ է» կարգախոսով, որը վերջերս հնչեցրեց վարչապետը: ԲՀԿ-ի դեպքում տօավորություն կա, որ սեփական առանցք է ուզում ստեղծել: Սակայն եթե ՀԱԿ-ի նպատակն արդար ընտրություններն էն, բարդ է ասել, թե ինչ ակնկալիքներ ունի մի կուսակցությունից, որը պատկանում է օլիգարխիկ համակարգին եւ ղեկավարվում է Հայաստանի խոշորագույն օլիգարխի կողմից»,- ասել է քաղաքագետը: