«Դոկտոր Մահին»` բժիշկ Ջեք Գեւորգյանին պատկանող ինքնասպանության մեքենան հանվել է աճուրդից, քանի որ նրա համար բավականչափ բարձր գումար  չի առաջարկվել, գրում է  բրիտանկան «The Daily Mail»-ը:

Նրա տասնյոթ նկարները եւս չեն գտել իրենց գնորդներին:

Արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաեւ այն նկարը,  որը դոկտոր Գեւորգյանը նկարել էր իր արյամբ, եւ մոտ 100 անձնական իրերը  վաճառքի էին հանվել Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտում: 17  նկարները գնահատվել էին 2,5–3,5 մլն դոլար:

Աշխատանքների բնօրինակների փոխարեն ներկայացվել էին դրանց պատկերները, քանի որ Հայկական գրադարանը եւ Ամերիկայի թանգարանը հրաժարվել էին  տալ այդ գործերը:

Ինքնասպանության մեքենան գնահատվել է 100–200 հազ. դոլար,  բայց աճուրդում ամենաբարձրը 65 հազ. դոլար է առաջարկվել:

Նշենք, որ  դոկտոր Գեւորգյանը  դեբատներ էր հրավիրել մահվան իրավունքի վերաբերյալ: Ինքնասպանության համար նրա ինքնաշեն մեքենան, որը հայտնի է որպես տանատրոն, օգնել է մահանալ  130 անբուժելի հիվանդի:

Հայկական գրադարանը եւ Ուոթերթաունում Ամերիկայի  թանգարանը հայտարարել են, որ նկարներն իրենց  է նվիրել հենց  բժիշկը:  Նրանց փաստաբան Հարոլդ Փոթերի խոսքով,  թանգարանը ենթադրում է, որ նկարների սեփականատերն է,  եւ դրանք կմնան իրենց տեղում, քանի դեռ  Բոստոնի  թանգարանի հետ վեճը չի լուծվել: Երկու կողմերն էլ դատական հայց են ներկայացրել:

Նկարների մեծ մասը մահ է պատկերում: «Ցեղասպանություն» կոչվող  աշխատանքում արյունոտ գլուխ է պատկերված,  որի մազերից բռնել են երկու զինվոր` մեկը Երկրորդ համաշխարահայինի ժամանակի գերմանցի զինվորի համազգեստով է, մյուսը` Առաջին համաշխարհայինի թուրք զինվորի համազգեստով: Բժիշկ Գեւորգայնը գլուխը նկարել է` օգտագործելով իր արյունը: