Ես վաղուց չեմ հետեւում, թե ինչ են ասում ՀՀ իշխանությունները, որովհետեւ այդ ամենը ես կարդում եմ Ադրբեջանի նախագահի սայթում: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցյում նշեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
«Դիտարկմանը, որ ՀՀ իշխանություններն ասում են, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը վտանգ է Հայաստանի համար, որ ռեւանշ չպետք է լինի , նա նկատեց. «Դա ասում է ոչ թե ՀՀ իշխանությունը, այլ նա վերարտադրում է այն, ինչ իրենց ասում է Ադրբեջանի իշխանությունը: Այդ ո՞նց է, որ Հայաստանի իշխանություններին չի անհանգստացնում, որ Ադրբեջանում գործում է «Արեւմտյան Ադրբեջանի» կառավարություն: Հիմա Ադրբեջանի պահանջն է, որ Հայաստանն առհասարակ Արցախի անունը մոռանա»,-ասաց նա:
Զոլյանի խոսքով, այն, որ Հայաստանի իշխանությունները կատարում են Ադրբեջանի պահանջները, դա չի նշանակում, որ խաղաղության ենք գնում. «Ադրբեջանը հակված չէ բավարարել այն, ինչ ասում են Հայաստանի իշխանությունները: ՀՀ իշխանությունն ասում է՝ իբր Պրահայի հռչակագրով տարածքային հարցերը լուծվել են, բայց Ադրբեջանը չեղյալ է հայտարարել Ալմաթիի հռչակագրից Մութալիբովի ստորագրությունը: Ալիեւը հայտարարում է, որ իրեն ամուսնացրել են առանց իր ներկայության: Ադրբեջանի 86,6 հազար քկմ տարածքի մասին հայտարարում է Փաշինյանը, իսկ Ադրբեջանոըւմ կա իրենց անկախության հռչակագիրը, որտեղ պարզ գրված է, որ դա 1918-ին ստեղծված Ադրբեջանական Հանրապետությունն է, որտեղ իրենք սահմաններ են գծել, որտեղ Իրանի կեսը, Վրաստանի կեսը իրենցն է:
Դրա համար իրենք ասում են՝ դելիմիտացիա կանենք, կհասկանան՝ 86,6 հազար քկմ է, թե 90-95 հազար: Ադրբեջանը հակված չէ ընդունել այն, ինչը իրեն վերագրում են որպես բարի կամքի արտահայտություն: Այնպես չէ, որ մենք իրենց ենք տալիս անկլավները եւ վերջ: Իրենք ունեն նաեւ ադրբեջանցիների վերադարձի խնդիր»,-ասաց Զոլյանը:
Նրա խոսքով, արցախցիները պետք է պահպանեն կառավարությունը որպես վտարանդի կառավարություն, թեկուզ արտասահմանում: Որպես օրինակ բերեց այն, որ 1939-ին, երբ ԽՍՀՄ-ը եւ Գերմանիան իրար մեջ բաժանեցին Լեհաստանը, գոյություն ուներ Լեհաստանի վտարանդի կառավարություն, որը գտնվում էր Լոնդոնում եւ ստորագրում էր պայմանագրեր, քանի որ մյուս երկրները ճանաչում էին հենց այդ կառավարությանը:
«Եթե ՀՀ իշխանությունները խանգարում են, թող գնան մի տեղ, ասենք Փարիզում, վտարանդի կառավարություն կազմեն: Հայաստանն իր հերթին կարող է ասել՝ իսկ դուք ինչո՞ւ ունեք «Արեւմտյան Ադրբեջանի» կառավարություն: Եթե դու սուբյեկտ ես, չպետք է վախենաս եւ ասես՝ այո, իրենք անկախ հանրապետություն են եղել, իմ հպատակները չեն, որ ես իրենց թելադրեմ»,-ասաց Զոլյանը:
Նա հավելեց, որ Ադրբեջանը հայտարարում է, որ արցախահայերը իր քաղաքացիենրն են, կարող են վերադառնալ, բայց պայմանով, որ ադրբեջանցիներն էլ պետք է վերադառնան Հայաստան ու սա իրենց ռազմավարությունն է:











