Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 29-ին Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է առաջիկա երկու տարիներին կազմակերպության կողմից իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, համաժողովին Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է  Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ փոխգործակցությանը, մշակութային ժառանգության պահպանման գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերակատարությանը:

Նախարար Նալբանդյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին հակառակ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը եւ կոչ  է արել միջազգային հանրությանը համատեղ քայլեր ձեռնարկել նման գործողությունները կանխարգելելու համար:

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում  է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ:  Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն  է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի եւ միջոցառումների կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը կազմակերպության հետ:

Էդվարդ Նալբանդյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին տեղեկացրել է հաջորդ տարի նշվելիք Հայկական գրահրատարակչության 500-ամյա տարեդարձի եւ Երեւանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման շրջանակներում նախատեսվող միջոցառումների մասին եւ Իրինա Բոկովային  հրավիրել այցելել Հայաստան: