Հայաստանը միայնակ, առանց դաշնակիցների չի կարող գոյատեւել, եւ դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
«Հայաստանը ՀԱՊԿ-ը քանդելով անում է այն, ինչը ցանկանում է Թուրքիան: Թուրքիան ուզում է Միջին Ասիայի երկրները բերի իր տիրույթ: Բնական է, որ այդ ճանապարհին ընկած է Հայաստանը: Մենք տեսանք, որ ինչքան էլ սիրաշահենք, մարդասիրական օգնություններ ուղարկենք Թուրքիա ու Ադրբեջան, իրենք իրենց դիրքորոշումը չեն փոխում:
Այդ առումով ես տեսնում եմ բավականին լուրջ վտանգներ, որ Հայաստանը չկարողանա ձեռք բերել դաշնակիցներ, եթե ՀՀ ղեկավարությունը շարունակի այսպիսի լղոզված, անհասկանալի քաղաքականություն վարել: Նման դաշնակից ոչ ոք չի ցանկանում ունենալ, որը հուսալի չէ: Ուստի պետք է հստակություն: Պետք է հասկանալ, որ Ռուսատսանին դուրս հանելու քաղաքականությունը բերեց նրան, որ ՌԴ-ի փոխարեն մտցրել են Թուրքիային»,-ասաց Զոլյանը:
Անդրադառնալով 3+3 ֆորմատին, քաղաքագետն ասաց. «Սա համարյա նույն ֆորմատն է, որը կարգավորում է հարցերը Սիրիայում՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան: Դրան դեմ է Թուրքիան, որովհետեւ ինքն է ուզում վերհսկել Հայաստանը: Այսինքն տվյալ դեպքում Ռուսատսանն ու Իրանն ասում են, որ դա ժամանակին եղել է Իրանի տարածք, հետո Ռուսաստանը գրավել է, բայց իրենք դեմ են, որ այդ տարածքը ամբողջությամբ տրվի Թուրքիային: Իրենք ուզում են իրենց բաժինն ունենալ: Եթե Հայաստանը պետք է վերանա որպես պետություն, իրենք իրենց բաժինը պետք է ունենան: Այստեղ ամենալուրջ Սյունիքն է: Ռուսաստանը պատրաստ է, որ լինի միջանցք, բայց իր հսկողության տակ, դրան դեմ է Իրնը: Իրանը դեմ չէ, որ լինի ճանապարհ, բայց հսկի ինքը: Այսինքն այսօր Հայաստանի տրոհման ռեալ վտանգ կա»,-ասաց Զոլյանը:











