Լիբիայի ապագան քաղաքացիական պատերազմն է,  զանգվածային դժգոհությունը, ահաբեկչությունները,  զանգվածային արյունալի վրեժը, ինչը լայնորեն կիրառվում է իսլամական հասարակության մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հարավային դաշնային համալսարանի դասախոս,  Ռուսաստանի ԳԱ  սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տարածաշրջանային հետազոտությունների եւ կանխատեսման կենտրոնի փոխտնօրեն Իգոր Դոբաեւը` ավելացնելով, որ երկիրը պարզապես կթաղվի արյան մեջ:

«Այսօր Լիբիայում տապալված է նախկին կառավարիչը: Դատելով ամեին ինչից`  իշխանության կգան  արմատական իսլամիստները, իսկ մենք նախադեպեր ունենք, երբ արմատական իսլամն իրեն բավական ռազմատենչ  է դրսեւորում»,-նշեց Դոբաեւը:

Խոսելով Լիբիայի իրադարձությունների զարգացման հեռանկարների մասին` Դոբաեւն ընդգծեց, որ տվյալ պահին դժվար է բարձր ճշգրտությամբ ինչ-որ բան կանխատեսել, քանի որ  երկրում ոչ ոք լիարժեք չի տիրապետում իրավիճակին: «Ավելի շուտ ամեն ինչ վերահսկում է Արեւմուտքը, որն էլ եփել էր այս ողջ ապուրը: Սակայն այդ նույն Արեւմուտքը վերահսկողության տակ կվերցնի լիբիական նավթը` իսլամական խմբավորումներին թույլ տալով միմյանց կոտորել»,-ընդգծեց նա:

Ըստ Դոբաեւի` շուտով Քադաֆիին տապալած մարդկանց ոգեւորությունը  կհասնի զրոյի: «Մարդիկ կհասկանան, որ կորցրել են շատ բան, իսկ արդյունքում ոչինչ չունեն: Այդ ժամանակ ոգեւորությանը կհաջորդի հիասթափությունը: Լիբիայում այսօր արդեն դա զգում են: Ժամանակի հետ ավելի ուժեղ դա կզգան»,-նշեց  փորձագետը: