15 խորհրդատուն մի քիչ քիչ չի՞, գուցե 25 կամ 35 լինե՞ր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը՝ դիմելով նախագիծը ներկայացնող Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միլենա Այդինյանին:

«Ես սպասում էի նման հարցի. Տեսեք, մենք ունենք շատ վարչություններ: Այս մոտեցումը նորարար է, նոր ընդունված տարբերակ է: Բոլոր միջազգային կառույցներում, առաջադեմ կազմակերպություններում ներգրավում են նեղ մասնագետների: Մենք որպես համայնքային ծառայողներ, շատ հաճախ, սահմանափակում ենք ունենում մասնագիտական գիտելիքներով այն մարդկանց ներգրավելու հարցում, որոնք իրականացնելու են կետային աշխատանք եւ բարձրացնելու են մեր արդյունավետությունը: Ես գտնում եմ, որ 15 խորհրդատու ունենալը շատ նորմալ թիվ է՝ հաշվի առնելով մեր թվաքանակը, մեր կատարած աշխատանքի ծավալը, արդյունքները: Վստահեցնում եմ, որ դեռ պակաս է, առավել չի»,-ասաց Այդինյանը:

Գրիգոր Երիցյանն արձագանքեց. «Եթե միջազգային փորձը նայում ենք, համայնքները փորձում են ներգրավել մասնագետների, պրոֆեսիոնալների իրենց աշխատակազմում եւ նրանց աութսորս չեն անում: Հաշվի առնելով քաղաքապետարանի թիմի այսօրվա գիտելիքները, փորձառությունը, մասնագիտական որակը, այո, ես կարծում եմ, որ խորհրդատուների քանակը շատ քիչ է, կարող է մոտ 150 խորհրդատու պետք լինել»:

Սա առաջացրեց ներկաների ծիծաղը:

Նշենք, որ առաջարկվող նախագծով նախատեսված է, որ քաղաքապետարանի աշխատակազմը պետք է ունենա 15 խորհրդատուի հաստիք՝ 310 հազար դրամ աշխատավարձով: