Ոչ մի հրամանագիր չի կարող լուծարել Արցախը, Արցախի Հանրապետությունը ստեղծվել է ոչ թե թղթի վրա, այլ արյունով: Դրա լուծարման մասին հրամանագիրն ուժ չունի։ Այս մասին այսօր ՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։
«Արցախի պետական կառույցները ներկայումս ունեն արցախահայության սոցիալական խնդիրները լուծելու, Արցախում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու, ինչպես նաև արցախյան հիմնահարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու գործառույթ»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները 5 տարի կատարում են Ալիևի պահանջները, սակայն հայկական կողմը չի դադարում կրել տարածքային և մարդկային կորուստներ։
Մամիջանյանի գնահատմամբ՝ հենց Հայաստանի իշխանություններն են հայոց պետականության տակ ամենավտանգավոր դանդաղ գործողության ռումբը:
«Ես դժգոհ եմ Ռուսաստանի այս կամ այն գործողությունից, այս կամ այն քայլից։ Բայց ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, պետք է պատասխան տան Հայաստանի իշխանությունները։ Իսկ եթե Արցախը չճանաչեին որպես Ադրբեջանի մաս, ապա միգուցե պատմությունը կարող էր այլ սցենարով ընթանալ»,- եզրափակել է նա։





























