Շվեդիան սկսել է թուրքական ընկերություններին պաշտպանական արտադրանքի արտահանման թույլտվություններ տալ։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բուրաք Աքչափարը խորհրդարանում, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության քննարկման ժամանակ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Շվեդիան չեղարկել է Թուրքիայի հանդեպ մտցված էմբարգոն պաշտպանական արդյունաբերության արտադրանքի ոլորտում։ [Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության հայտի] հավանության գործընթացն սկսելուց հետո թուրքական ընկերությունների հարցումները դրական պատասխաններ են ստացել»,- Աքչափարին մեջբերել է Yeni Şafak թերթը։

Պարբերականը հիշեցել է, որ Շվեդիան 2019-ից արգելք է մտցրել Թուրքիա պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման վրա։ 2022թ. սեպտեմբերին, երբ մեկնարկեց Շվեդիայի հայտի դիտարկումը, այդ էմբարգոն հանվեց եւ սկսվեց թուրքական կողմի հայտերի ընդունման գործընթացը։

Թուրքիայի խորհրդարանի միջազգային գործերի հանձնաժողովը երեքշաբթի հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացմանը։ Այժմ փաստաթուղթը կդրվի խորհրդարանի Գլխավոր ասամբլեայի քվեարկությանը լրիվ կազմով։ Քվեարկության ամսաթիվը դեռ հայտնի չէ։ Ուրբաթ Թուրքիայի խորհրդարանը պետք է գնա ձմեռային արձակուրդի։